Մի՛ տրվեք սադրանքներին. մեր ընդհանուր պատմությունն ու ապագան կդիմանան այս ամենին. Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Հայաստանում առաջին հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին: Նա կոչ է արել չտրվել սադրանքներին՝ վստահություն հայտնելով, որ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան կդիմանա այդ ամենին։

Անցկացվող միջոցառումը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճիշտ քայլ է անվանել։ Նա ընդգծել է, որ անգամ ամենակեղտոտ սադրանքները չեն հաջողվել (Գորիսում Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությունը՝ Սպուտնիկ Արմենիա), և համաժողովը կայացել է և դեռ աշխատելու է:

Ստորև ներկայացնում ենք Մարիա Զախարովայի ուղերձն ամբողջությամբ.

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել այս օրերին Երևանում անցկացվող հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին: Կասկածից վեր է, որ մեր համատեղ աշխատանքի առաջնահերթությունը Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն է։ Մեր փոխգործակցության հիմքում և՛ անկեղծ քաղաքական երկխոսությունն է բոլոր մակարդակներում, և՛ փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, և՛ ճյուղավորված հումանիտար համագործակցությունը:

Տասնամյակներ շարունակ Մոսկվան և Երևանը արդյունավետ համագործակցել են։ Մենք օգնել ենք եղբայրական հայ ժողովրդին ամենադժվար պահերին։ Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի անձնական մասնակցության շնորհիվ 2020 թվականի պատերազմը դադարեցվեց։ Ռուսաստանի նախագահը բոլոր ջանքերը գործադրեց, որ ստորագրվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ամուր հիմք դարձավ խաղաղության հասնելու, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի համար:

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մշտապես և անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ում դաշնակցի ճակատագրով։

Այդ ուշադրության շոշափելի արդյունքը երկու երկրների տնտեսական կապերի բուռն զարգացումն է։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ գլխավոր օտարերկրյա ներդրողն է. ամբողջ կապիտալ ներդրումների 40%-ը՝ ավելի քան 2,2 մլրդ դոլար: Մենք հանրապետությունն (ՀՀ–ն,–խմբ.) ապահովում ենք էներգակիրներով՝ արտոնյալ գներով։ Մեր երկաթուղայիններն ամբողջությամբ ապահովում են Հայաստանի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների պահանջները։ 2010 թվականից ի վեր Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպությունների գծով Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալը գերազանցել է 70 մլն դոլարը։

Ռուսական բուհերում սովորում է 5200-ից ավելի հայ ուսանող, որից 1800-ը՝ ռուսական բյուջեի հաշվին։ Մեր սահմանապահները հայ գործընկերների հետ իրականացնում են Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ երկրի սահմանների պահպանությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով