news.am: Ռուսաստանին այժմ մեղադրում են հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ՝ մոռանալով պատմությունը։ Այս մասին հայ-ռուսական մեդիա-ֆորումի ժամանակ սեպտեմբերի 8-ին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասյինը։
«Հայաստանում, ցավոք, հստակ միտում է նկատվում, որը հանգեցվում է Ռուսաստանի շուրջ տեղեկատվական ֆոնի վատթարացմանը։ Մենք ավելի շատ ենք տեսնում քննադատական արձագանքներ, ավելի շատ ինֆորմացիա՝ ուղղված մեր հարաբերությունների խափանմանը։ Ուստի, ԶԼՄ-ները կարող են որոշակի դեր խաղալ այն բանում, որ նման տեղեկատվական ֆոնը շտկվի։ Հասկանալի է, թե ինչու է դա արվում։ Երկիր են թափանցում օտարերկրյա ՀԿ-ներ եւ փորձագետներ, որոնք ֆինանսավորում են այդ ամբողջ աշխատանքը, որը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ եւ ուղղված է Ռուսաստանի, ռուս-հայկական հարաբերությունների դեմ։ Երբ այդ ուժերին Հայաստանը հարկավոր չլինի որպես հարթակ Ռուսաստանի դեմ, նրանք կմոռանան, թե որտեղ է գտնվում ձեր երկիրը։ Դա պետք է հասկանալ եւ կուլ չտալ այդ խայծը։
Կա նաեւ մեկ այլ նախադեպ, որը դուրս է մնում բարեկամության եւ համագործակցության համատեքստից։ Խոսքը լրագրողների եւ հասարակական գործիչների «սեւ ցուցակի» մասին է։ Ռուսաստանի եւ Հայաստանի ավանդական կապերը աջակցության եւ զարգացման կարիք ունեն»,- նշել է Նաստասյինը։
Նա կարեւոր է անվանել երկկողմ փոխգործակցության այն դրական տեղեկատվական ֆոնը, որը կընդգրկեր հարաբերությունների պատմությունը, ներկա իրավիճակը եւ կնայեր հեռանկարին՝ ինչպես առաջիկայում, այնպես էլ հետագայի համար։