Արցախի նախագահի ընտրություններով պայմանավորված՝ հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն․ Արցախի ԱԱԾ

Արցախի նախագահի ընտրություններով պայմանավորված՝ հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից։ 

«Հարգելի հայրենակիցներ, սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն: Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։

Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։

Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը։

Արցախի քաղաքացիներին հորդորում ու խնդրում ենք չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 9-ին՝ վաղը։ «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին։ Սակայն Բաբայանին առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել են վերջին տասը տարում միայն Արցախի քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն