Գիտակցում ենք, թե ինչ ծանր պատասխանատու շրջանում և ինչ ծանր որոշում է կայացրել հենց ինքը՝ Սամվել Շահրամանյանը․ Արցախի ԱԺ նախագահ

Այսօր մենք մեր առաքելությունը ավարտեցինք այս ճակատագրական պահին ճակատագրական որոշումով։ Արցախի Հանրապետության ԱԺ-ում նախագահի ընտրության հատուկ նիստի ժամանակ իր ելույթում ասել է ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը․

«Նախքան շնորհավորանքներս մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ:

Գիտեք` սպորտում կա քաշային կարգ հասկացություն: Ես կարծում եմ՝ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա քաշային կարգ հասկացությունը: Այս առումով, կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա խորությամբ ընկալի այդ հասկացությունը: Երբ որ խոսում ենք տեսակետների, որոշումների մասին, պետք է հստակ կարողանանք ամրագրել և արձանագրել՝ որ մեկն է տեսակետ, որ մեկն է որոշում:

Երբ որ խոսում ենք այս կարգի քաղաքական տերմինների մասին, նաև պետք է կարողանանք տարբերակել ռազմավարությունը և մարտավարությունը: Եվ մեզանից յուրաքանչյուրը իր մեջ պետք է ունենա ռազմավարական մտածելակերպ, ինչու չէ, նաև մարտավարական համապատասխան մոտեցումներով:

Նաև կա նպատակի, միջոցի հասկացություն: Ես ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը առաջնորդվի հենց այդ մոտեցումներով և կարողանա զանազանել՝ որն է նպատակը, որը՝ միջոցը: Կարծում եմ՝ այս բոլոր ձևակերպումներն ու թեզերը օգտակար կլինեն նորընտիր նախագահին:

Ուզում եմ առիթից օգտվել՝ շնորհավորելու նաև մեր ժողովրդի անունից, բոլորիս անունից: Բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի ծանր պատասխանատու շրջանում և ինչպիսի ծանր որոշում է կայացրել հենց ինքը՝ Սամվել Սերգեյի Շահրամանյանը:

Եվ այդ որոշումը կրելու պատասխանատվությունը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրինն է՝ թե՛ կողմ և թե՛ դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած և նաև մեր հասարակությանը, որովհետև մեր այսօրվա վիճակը այնպիսինն է, որ յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ժամ կարող է մեզ համար ճակատագրական լինել:

Ես կարծում եմ՝ այսօր մենք մեր առաքելությունը ավարտեցինք այս ճակատագրական պահին ճակատագրական որոշումով: Մեկ անգամ ևս շնորհավորանքներ, Սամվե՛լ Սերգեյի: Հույս ունենք, որ Ձեր աշխատանքը կլինի բեղմնավոր, ինչպես Դուք եք նշել՝ ի շահ Արցախի Հանրապետության, ի շահ Արցախի և հայ ժողովրդի:

Շնորհավորում եմ»,- ասել է Արցախի ԱԺ նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն