Արցախում հրավիրվել է Անվտանգության խորհրդի շտապ նիստ․ ԱՀ նախագահի աշխատակազմ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ՝ նշելով, որ հրավիրվել է Անվտանգության խորհրդի շտապ նիստ։
 
Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․
 
Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:
 
Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր:
 
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:
 
Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
 
Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն