Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ, 26 վիրավոր․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։
 
Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (այդ թվում՝ 1 երեխա), 26 վիրավոր (այդ թվում՝ 11 երեխա)։
 
Ըստ ՄԻՊ-ի՝ քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։
 
Կապի համակարգի թիրախավորման և ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների փաստերի հավաքագրվման առումով։
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Քաղաքացիական բնակչության և օբյետների շրջանում արձանագրված վնասների վերաբերյալ ՄԻՊ-ը հանդես կգա թարմացվող հաղորդագրություններով։
 
«Ինամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց և հյուծումից հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։ Սա ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության և միջազզգային հանրության անհասցե գործողությունների հետևանքն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Լուսանկարը՝ ըստ Գեղամ Ստեփանյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն