ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում է կայացել դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների հետ․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի առնչությամբ արտահերթ նիստ է հրավիրել։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Վերջինս նախ ներկայացրեց ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, ապա, խոսելով ձեռնարկվող քայլերի մասին, ասաց, որ այսօր ժամը չորսին ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում է կայացել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, ներկայացվել է ընդհանուր իրավիճակը։

«Ձեռնարկվել են եւ շարունակվում են աշխատանքները բոլոր ուղղություններով, բոլոր դեսպանությունների ներգրավմամբ։ Տեղի են ունենում առանձին հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ՝ ներկայացնելու իրավիճակը եւ ձեռնարկելու քայլեր՝ Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու նպատակով»,- նշեց փոխնախարարը։

Պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին՝ փոխնախարարն ասաց, որ մոտ մեկ ժամ առաջ հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, որն իրեն ասել է, որ ռուսական կողմը նախապես տեղյակ չի եղել հարձակման մասին, այլ մի քանի րոպե առաջ է տեղեկացվել։

Ռուստամյանը հետաքրքրվեց՝ դեսպանների հետ հանդիպում եղել է, բայց ո՞րն է մոտեցումը․ «Դատապարտե՞լ միայն, ինչ կատարում է Ադրբեջանը, թե՞ քայլեր ձեռնարկել՝ փրկելու այնտեղ գտնվող, ցեղասպանության իրականացման տակ գտնվող ժողովրդին, դրա հետ կապված ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է եղել, ի՞նչ քայլերով պիտի փրկենք այնտեղի մեր հայ բնակչությանը»,- հարցրեց պատգամավորը։ ԱԳ փոխնախարարը պատասխանեց․ «Ինչպես նշեցի, այս պահին տեղեկատվություն է փոխանցել եւ այս կապակցությամբ հայտարարություն է արվել, հավելյալ քայլեր կձեռնարկենք, դրանց մասին կտեղեկացնենք»։

Ռուստամյանը հիշեցրեց անջատում հանուն փրկության սկզբունքի մասին՝ հարցնելով․ «Էդ ձեւ սկզբունք ընդհանրապես ձեզ մոտ գոյություն ունի՞, քննարկման առարկա՞ է, թե՞ չէ»։ ԱԳ փոխնախարարն ասաց․ «Ինչպես նշեցի՝ մեր հայտարարության մեջ նշվում են այն կոմպոնենտները, որոնց վերաբերյալ կձեռնարկվեն քայլեր, ՀՀ դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի լուծման հետ կապված բազմիցս ներկայացվել է, Հայաստանը հայտարարել է խաղաղ օրակարգի տարածաշրջանում հաստատման եւ այս ուղիով ընդհանալու վերաբերյալ, վարվում են բանակցություններ, եւ մենք այդ բանակցություններում նպատակ ունենք ապահվելու ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Ադրբեջանը ԼՂ բնակչության նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի է դիմել, այս պահին քննարկվում են բոլոր հնարավոր միջոցները այդ ագրեսիան կանգնեցնելու ուղղությամբ»։

Արմեն Ռուստամյանը հարցրեց․ «Դուք է՞լ եք համարում, որ ապօրինի են ՊԲ կազմավորումներն այդ տարածքում, ինչպես դա ասում է Ադրբեջանը, երկրորդ՝ ապօրինի՞ է ձեւավորված իշխանությունը՝ հանձին առաջնային մանդատ ունեցող ԱԺ-ի եւ նախագահի»։ Փոխնախարարը պատասխանեց․ «Ոչ, իհարկե, մեր դիրքորոշմամբ՝ ԼՂ բնակչությունն իրավունք ունի ունենալ ներկայացուցիչներ եւ պաշտպանվել էթնիկ զտումներից եւ ցեղաղասպանությունից, որը ներկայումս Ադրբեջանը փորձում է իրականացնել կամ արդեն իրականացնում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն