Կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ կանգնեցնել արյունահեղությունը․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրացման կապակցությամբ թախանձագին կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ կանգնեցնել արյունահեղությունը, դադարեղնել ռազմական գործողությունները և բացառել զոհերը քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։ 

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա կտրուկ ազդել է Երևանի կողմից 2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը: Դա փոխեց հիմնարար պայմանները, որոնց հիման վրա ստորագրվել էր 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունը, ինչպես նաև ռուս խաղաղապահ զորակազմի դրույթը:

Տարածաշրջանում տեղակայումից հետո զորակազմը բարեխղճորեն կատարել է կրակի դադարեցումը պահպանելու և հայկական ու ադրբեջանական կողմերի միջև շփումներ ապահովելու իր առաջադրանքները: […] Այժմ գլխավորն է` վերադառնալ 2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի կատարմանը, որտեղ նկարագրված են ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման բոլոր քայլերը, դադարեցնել զինված դիմակայությունը և անել հնարավոր ամեն բան` Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար», – նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ 

Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն