Փաշինյանի հայտարարությունները կարող են հիմք տալ Բաքվին մեկնաբանելու տարածաշրջանում տիրող իրավիճակը որպես ներադրբեջանական հակամարտություն․ Լեոնիդ Սլուցկի |tert.am|

ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում՝ չնայած ներկա պայմաններին։

«Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման քայլերը հստակորեն շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում։ Այնտեղ որոշված էր նաև ռուս խաղաղապահների կարգավիճակն ու գործառույթները, որոնք պետք է ապահովեին կայուն հրադադար։ Եվ ստեղծված պայմաններում խաղաղապահ առաքելությունը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները»,- գրել է նա։

Քաղաքական գործիչը նաև կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Նա նաև ընդգծել է, որ Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի հետ մեկտեղ ճանաչելու պատրաստակամության մասին, կարող են հիմք տալ Բաքվին մեկնաբանելու տարածաշրջանում տիրող իրավիճակը որպես ներադրբեջանական հակամարտություն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն