«ՀայաՔվե» դիտորդական առաքելության ղեկավար, Երեւանի պետական համալսարանի դասախոս Մենուա Սողոմոնյան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գործադուլ է հայտարարում․
Համալսարանական հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, այս իրավիճակում, երբ Արցախը գոյության կռիվ է տալիս, երբ մեր ժողովրդին կոտորում են, երբ իմ արցախցի ուսանողները ուշ գիշերը բորդյուրների վրա նստած անզորությունից լացում են, ես չեմ կարող մնալ ստացիոնար վիճակի մեջ ու դաս անել։ Արհեստական ձևով ոչինչ չի ստացվի։
Ես այսօր գործադուլ եմ անում, պատրաստ եմ կրել դրա համար իմ բաժին պատասխանատվությունը։ Ես պահանջ ունեմ։ Իմ պահանջը Արցախի Հանրապետության ճանաչումն է և այնտեղ ապրող 120.000 ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը։
Նշենք, որ ավելի վաղ գործադուլի եւ դասադուլի կոչ էր արել «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում հորդորել էր բոլորին հավաքվել հրապարակում և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ ժամը 19։00-ին, մինչ այդ կիրականացվեն կազմակերպչական աշխատանքներ։