Արցախի իշխանություններն ընդունում են կրակի դադարեցման վերաբերյալ ՌԴ խաղաղապահ զորակազմի առաջարկությունը

Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Առաջարկությունների վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակել Արցախի տեղեկատվական շտաբը։ Նշենք, որ փաստաթուղթը ռուսերենով է, ստորեւ ներկայացված է դրա ոչ պաշտոնական թարգմանությունը։

Ըստ այդմ, համաձայնություն է ձեռքբերվել հետեւյալի շուրջ․

1․ Այսօր՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

2․ Դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց, լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները, դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով։

3․ Ադրբեջանական կողմից առաջ քաշված հարցերը՝ ԼՂ հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանության ներկայացուցիչների միջև Եվլախ քաղաքում 2023թ. սեպտեմբերի 21-ին սպասվող հանդիպմանը, ինչպես նաև հետագա հանդիպումներում:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունն էլ հաղորդում է․

«Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։

Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:

Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:

Հաշվի առնելով այս ամենը՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն