«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ներքին գործն է»․ Վոլոդին

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը տելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

Նա նշել է, որ ԼՂ-ում կատարվողի պատճառները ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ավելի վաղ ընդունված որոշումները։

«Մեկ տարի առաջ՝ 2022թ․ հոկտեմբերին, Պրահայում Եվրամիության հովանու ներքո տեղի ունեցավ գագաթնաժողով, որի ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ ԱՊՀ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրին։ Սա նշանակում է, որ երկու երկրները ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը նախկին սովետական հանրապետությունների սահմաններով, երբ Լեռնային Ղարաբաղը մտնում էր Ադրբեջանի ՍՍՀ կազմում։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է»,- նշել է նա՝ հավելելով, որ 2023թ․ մայիսին Բրյուսելում դա վերահաստատվել է Եվրամիության հովանու ներքո եւս մի գագաթնաժողովի ժամանակ, որտեղ երկու երկրների տարածքները սահմանվել են քառակուսի կիլոմետրի ճշգրտությամբ։

«Ելնելով այս որոշումներից՝ իրավական տեսանկյունից Բաքուն այսօր գործում է իր տարածքում։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ներքին գործն է»։

Սրա հետ մեկտեղ, ըստ Վոլոդինի, կարեւոր է, որ այնտեղ ապրող խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովվեն․

«Մեր երկիրը միշտ հանդես է գալիս ցանկացած հակամարտություն քաղաքական-դիվանագիտական ուղիով լուծելու օգտին։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բուժօգնություն եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում անում են անհրաժեշտը»,- նշել է ռուս պաշտոնյան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն