Խաղաղությունը մի գործոն է, որն ապահովում է և երաշխավորում է անվտանգություն, ինչպես նաև անկախությունն ու ինքնիշխանությունը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․ 

«Այսօր նշում ենք ՀՀ Անկախության 32-րդ տարեդարձը։ Անկախությունը, անկախ պետություն ունենալը ցանկացած ժողովրդի ինքնարտահայտման բարձրագույն ձևն է և շատ հաճախ տրվում է բազմաթիվ փորձությունների ու տառապանքների գնով։ Սա ճշմարտություն է նաև մեր պարագայում։ 1991 թ․ սեպտեմբերի 21-ի հանրաքվեում ՀՀ ժողովուրդը «այո» ասաց անկախությանը, բայց ինչպես հետագայում պարզվեց, սա Անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր։

ՀՀ ժողովուրդը հետագայում ստիպված եղավ առերեսվել տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի՝ պատերազմների ու անկախության հետ։ Այս հորձանուտում և փորձություններով անցնելիս է, որ հասկացանք՝ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելը՝ բոլորվին այլ։

Վերջին տարիների մեր կրած տառապանքներն ու փորձությունները ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար մղվող պայքարի անբաժանելի մաս են։ վերջին շրջանում հաճախ եմ քննադատվում այն բանի համար, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991 թ․ դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրի և դրա հետ փոխկապակցված փաստաթղթեր վրա, որ ստորագրվել են նաև ՀՀ-ի կողմից։ Շատերն ուղղակի և անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստթղթի վրա հիմնված քաղաքականությունից։

Խնդիրն այն է, որ Ալմաթայի հռչակագիրը և դրա հետ փոխկապակցված փաստաթղթերը ՀՀ անկախության հիմնական գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետոթւյուններից, այդ թվում՝ ՀՀ-ի՝ Խորհրդային միությունից անկախացման քաղաքական և իրավական հիմքը, ինչպես նաև այդ անկախացման հիմնարար սկզբունքները։ Եվ հետևաբար, այդ փաստաթղթի վրա հենված քաղաքականությունից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչու պետք է անցնենք փորձությունների այս ճանապարհը։ Ասել՝ հանուն անկախության, նշանակում է ասել ճշմարտության թեկուզ մեծ, բայց ոչ ամենակարևոր մասը, որովհետև անկախությունը, որքան էլ բարձրագույն նպատակ, իրականում միջոց է ավելի վեհ մի նպատակի իրագործման։

Խոսքը ապագայի մեր սերունդների երջանկության մասին է։ Մենք պիտի նրանց ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ և ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը։

Այսօր էլ հաստատված են սրան նպաստող բազմաթիվ պայմաններ․ ժողովրդավարությունը, տնտեսական և որևէ օրինական գործունեության ազատությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, հակակոռուպցիոն սկզբունքային քաղաքականությունը, տնտեսական ակտիվությունը դրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են։ Այդ պայմանների ամբողջացման համար անհրաժեշտ է խաղաղություն, այսինքն՝ հակամարտություններից զերծ միջավայր։

Խաղաղությունը մի գործոն է, որն ապահովում է և երաշխավորում է անվտանգություն, ինչպես նաև անկախությունն ու ինքնիշխանությունը։ Շատերը կարծում են, թե տարածաշրջանային այս լարված միջավայրում ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ։ Բայց առավել ևս այս պայմաններում  խաղաղությունը պետք է արժևորվի, և խաղաղությունն ամենևին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ։ Խաղաղությունը, ինչպես ասացի, մի միջավայր է, որը զերծ է հակամարտություններից, միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներից։ Այս ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է արտաքին ու ներքին ցնցումների միջոցով, և մենք պետք է անցնենք այդ ճանապարհը՝ հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի։

2021 թ․ ամռանը ձեր քվեով ՀՀ վարչապետ ընտրվեցի «Ապագա կա» կարգախոսով։ ՀՀ խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ, ստեղծարար և երջանիկ ապագան այն նպատակն է, հանուն որի կրում ենք այս փորձությունները, հանուն որի քայլում ենք այս ճանապարհով։

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա առիթով։

Փա՛ռք նահատակներին,

և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն