Ստեփանակերտում այսօրվանից կգործեն սննդի անվճար կետեր

Արցախի Հանրապետության կառավարությունը տեկեկացնում է, որ ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանվածների համար այսօրվանից Ստեփանակերտում անվճար հիմունքներով կգործեն սննդի կետեր:
 
Դրանց հասցեների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
 

Հիշեցնենք՝ երեկ ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 13։00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Այնուհանդերձ, դրանից հետո էլ Ադրբեջանը պարբերաբար շարունակել է կրակ արձակել։

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ համաձայնություն է ձեռք բերվել դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց, լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները, դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

Միաժամանակ որոշվել է, որ վերաինտեգրման հարցերը կքննարկվեն տեղի հայ բնակչության հետ հանդիպման ժամանակ։

Այսօր ադրբեջանական Եվլախում կայացել է արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպումը։ Արցախյան կողմից բանակցությունների մեկնել է Արցախի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպումն արդեն ավարտվել է, արդյունքների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի հաղորդվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն