ԼՂ-ից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին․ Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այս էսկալացիայի հետևանքով զոհերի և մարդկային կորուստների համար։ Հայտարարության մեջ նշվում է․

«Մենք ի գիտություն ենք ընդունել  հրադադարի պայմանավորվածության մասին հայտարարությունները։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի պահպանում։

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անարգել հումանիտար մուտքը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ․ փետրվարի և հուլիսի հրամանների: Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան ազատորեն գործել: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։

ԵՄ-ն կոչ է անում Բաքվին և Ղարաբաղի հայերին հրատապ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ։

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու՝ ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։

ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն