Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ [ՀՀ-ՌԴ] հարաբերությունների վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Հայ գործընկերներին ի սկզբանե տեղեկացվել է դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այնպիսի պայմաններում, երբ այս կառույցի [Միջազգային քրեական դատարանը] կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը «ձերբակալման թույլտվություն» է տվել: Երկկողմ համաձայնագիր ստորագրելու Երեւանի նախաձեռնությունը քննարկվել է, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր գոհացնել երկու կողմերին: Ցավոք սրտի, դա հաշվի չառնվեց, և փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում կայացվեց՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա»։
ԱԳՆ-ից նշել են՝ Ռուսաստանը հույս ունի, որ ՀՀ Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք «չեն ստորագրի» Հռոմի ստատուտի թունոտ որոշման տակ։
Նշվել է նաև, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը հանրապետություն։
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը այսօր միաձայն ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։ Այն կընդգրկվի հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստի օրակարգում։