ՀՀ-ն որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ  եթերում անդրադարձավ Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահի հայտարարությանը՝ «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու և այլ խոստումները պահելու մասին:

«ՀՀ-ն որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից. կարևոր է, թե այդ տերմինաբանությունը ոնց է ընկալվում. ՀՀ հանրությունը այն ընկալում է որպես ՀՀ նկատմամբ տարածքային պահանջ և արտատարածքային միջանցքի պահանջ: Մենք նման տերմինաբանությամբ և եզրաբանությամբ որևէ խոստում որևէ մեկին չենք տվել։

Երբ ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների միջև խոսակցություն է լինում ամենատարբեր մակարդակում, ասվում է՝ այդ միջանցքային տերմինաբանությունը մեզ համար ընդունելի չէ, ասում են՝ դուք եք ընդունել եռակողմ հայտարարությամբ:

Մենք ասում ենք՝ այդպիսի բան գրված չէ, հրապարակային փաստաթուղթ է, խնդրեմ՝ նայեք: Մենք ասում ենք՝ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է բացել տարածաշրջանային կոմունիկացիաները. պատրաստ ենք բացել ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ այո, պատրաստ ենք, ինչպես արձանագրվել է, դա պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության, իրավազորության հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքով: Սա նշանակում է, որ ոչ մի երրորդ ուժ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն չպետք է ունենա: ՀՀ սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն ՀՀ սահմանապահ, մաքսային ծառայությունները»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե կարելի է այն կոչել Մեղրիի ճանապարհ, խոսելով երկաթուղու՝ Մեղրիով անցնելու մասին, Փաշինյանը նշեց.

«Երկաթուղու դեպքում նրա՝ Մեղրիով անցնելու հարցն անառարկելի է, որովհետև այլ տեղ չենք ունեցել երկաթուղի։ Սա նշանակում է ՀՀ շրջափակման վերացում։ Ունենք ևս մի երկաթուղի՝ Իջևան-Հրազդան-Ղազախ, սակայն այնտեղ մեծ պրոբլեմ կա. Հաղարծին գյուղի տարածքում ավելի քան 20 տարի շատ մեծ սողանք կա, որը վերացնելու համար ամենանախնական գնահատականներով 500 մլն դոլար և ավելի գումար է հարկավոր, էն էլ հարց է՝ հետագայում դա ակտիվ կլինի, թե ոչ, բայց մյուս կողմից՝ մենք որևէ խնդիր չունենք Մեղրիի երկաթուղին վերականգնելու հարցում, հակառակը՝ դա նշանակում է ՀՀ շրջափակման վերացում, և դա նշանակում է խաղաղություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն