«Կա քաղաքական ենթատեքստ»․ ԲՊՀ-ի պրոռեկտորը՝ իր կողմից թմրանյութ պահելու քրեական վարույթի մասին |news.am|

news.am: Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Սահակ Մանուկյանը եւ իր ընկերը թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել եւ 6 ժամ անց ազատ են արձակվել։

NEWS.am-ի հետ զրույցում ԲՊՀ-ի Աշխատակազմի կառավարման եւ տնտ. հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանն ասաց, որ նախաձեռնված քրեական վարույթն աբսուրդ է։ Նա նշեց, որ ինքն ու իր ընկերն ունեն վկայի կարգավիճակ։

«Երեկ ընկերոջս հետ էի, գործ ունեինք, որից հետո գնացինք մի բանուկ հատված, որպեսզի տաքսի կանչի, որ ես գնամ, իմ ինքնազգացողությունը վատացել էր, ես դուրս եկա մեքենայից, որպեսզի թարմանամ, ու այդ ժամանակ պարեկները մոտեցան մեզ ու սկսեցին մեքենայի մեջ ինչ-որ բան փնտրել։ Ընկերոջս ինչ ասում էին, ընկերս անում էր, որ դուռն ուզում էին, բացում էր, ոչինչ չգտան արդյունքում։ Այնուհետեւ ընկերոջս ձերբակալեցին այն հիմնավորմամբ, թե ինքը ինչ-որ բան գցեց գետնին, ես մոտեցա, հարցրի՝ ինչ է պատահել, ինձ էլ ձերբակալեցին։ Անձնական խուզարկության ենթարկեցին, ոչինչ մեզ մոտ չհայնաբերեցին։ Նրանք խուզարկությունից հետո գնացել են նույն վայր 5 ժամ անց, ու հանկարծ հայտնաբերել են թմրանյութ։ Ի՞նչ է նշանակում 5 ժամ հետո վերադառնալ ու հանկարծ թմրանյութ հայտնաբերել»,- պատմեց Սահակ Մանուկյանը։

Մանուկյանի կարծիքով՝ այս գործընթացը սկսվել է իր՝ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունենալու պատճառով․ «Ես միանշանակ պնդում եմ, որ կա քաղաքական ենթատեքստ»։

Պրոռեկտորը չբացառեց, որ առաջիկայում իրենց կառաջադրվի նաեւ մեղադրանք։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները ծառայության ընթացքում հայտնաբերել են կասկածելի 2 քաղաքացու, որոնք Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել։ Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել: Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նետել է 3 փաթեթ և 2 գլանակ: Նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով