Այսօրվա իրադարձությունը կարեւոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար եւ վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիկայի մասին։ Կարեւոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ ժողովրդավարությունը մեզ համար, ՀՀ-ի համար ռազմավարական ընտրություն է, եւ ոչ թե հանգամանքներով թելադրված պատեհություն։ Այս մասին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետը։
«Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ չենք ուզում դա որեւէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ, եւ այս առումով, կարծում եմ, հենման կետերը քիչ չեն։ Հայաստանի կառավարությունը հանձնառու է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը։ Վստահ եմ, որ ԵՄ-ն եւ Հայաստանը չեն սպառել համագործակցությունը որակական նոր բովանդակությամբ համալրելու, այն ընդլայնելու եւ նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները․ այսօր կխոսեմ նաեւ այդ մասին»,- ասաց Փաշինյանը։
ՀՀՆ վարչապետը նշեց՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններում ավելացել է նաեւ անվտանգային բաղադրիչ՝ ի դեմս ԵՄ քաղաքացիական առաքելության, որը մոնիտորինգ է իրականացնում Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով։
«Եվրոպական քաղաքական համայնքի՝ Գրանադայի գագաթաժողովի եւ այսօրվա քննարկումների եւ Ձեր ելույթի, հայտարարության արդյունքում ակնհայտ է, որ ԵՄ ինստիտուտների շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս։ Հայաստանը նաեւ շահագրռգված է միջազգային իրավակարգի խթանման եւ զարգացման հարցում։ Հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հռոմի կանոնդարությունը, այս իմաստով նշանակալի է նաեւ Հայաստանի խորհրդարանի կայացրած որոշումը՝ վավերացնել «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին թիվ 13 արձանագրությունը»»,- ասաց Նիկկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում ՀՀ-ն ակնկալում է ԵՄ ծանրակշիռ աջակցությունը․
«Այլոց շարքում խոսքը ավելի քան 100 հազար հայերի՝ ԼՂ-ից բռնի տեղահանման հետեւանքով Հայաստանում առաջացած հումանիտար խնդիրների հաղթահարման մասին է, որտեղ մենք հրատապ աջակցության կարիք ունենք»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով 100 հազարից ավելի հայեր տեղահանված են Լեռնային Ղարաբաղից, եւս 20 հազար հայեր ԼՂ-ից տեղահանվել եւ Հայաստանում են գտնվում 44-օրյա պատերազմի հետեւանքով, եւ այսօրվա հրատապ խնդիր է կենտրոնանալ՝ այդ մարդկանց հումանիտար կարիքները հրատապ բարելավելու համար։
«100 հազ․ մարդ մի շաբաթվա ընթացքում տեղահանվել է, էթնիկ զտման ենթարկվել եւ տեղափոխվել Հայաստան։ Հիմա մեր կառավարությունը կենտրոնացած է այդ մարդկանց ամենահրատապ կարիքները լուծելու վրա, մենք, իհարկե, այս հարցում ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում ԵՄ-ի աջակցությունը՝ ներառյալ բյուջետային աջակցության տեսքով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։