Այս պահին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է ընթանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 2024թ․ պետական բյուջեի նախագիծը։
Նա նշեց, որ քննարկումը, ինչպես նախորդ մի քանի տարիներին, տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված պայմաններում։
«Միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա։ Մենք ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում։ Այս իրավիճակը ՀՀ համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»,- ասաց նա։
Փաշինյանը կարևորեց այն, որ սպառնալիքների կառավարման համար հարկավոր է իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակը ինքնահայեցումն է, 32 տարվա պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը․ «Ի՞նչ է մեզ համար անկախությունը, ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը, ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը, և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ։ Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումը ազգային անվտանգության օրակարգ է։ Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելը առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունը ապահովելու համար»։
Նրա խոսքով սա Կառավարության և վարչապետի աշխատանքի կարևորագույն մասերից է, և որ իր վարչապետության՝ հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն 5-ամյա փորձը իրեն հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում է առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ․ «Այդ ուղենիշը հետևյալն է․ «Հայերնիքը պետությունն է․ սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»։
Ըստ նրա՝ այս կարգախոսը բխում է այն թեզից, գիտակցումից կամ ընկալումից, որ անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող լարումը՝ պայմանականորեն ասած․ «Հայրենիքի և պետության ձգողականության, երբեմն հակադիր ուղղությունները, պետության և հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը։ Բայց որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի։ Եվ այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցությունը և գիտակցումը, որ պետությունը միակ և անփոխարինելի հայրենիքն է ու պետությունը, նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելը, այդ գործին նպաստելը հայրենասիրության գերադրական աստիճան»։
Փաշինյանի խոսքով սա հասունացման ճանապարհ է, և այդ հասունացման ճանապարհով են անցնում բոլորը՝ կառավրությունը, խորհրդարանը, փորձագիտական հանրությունը, հանրությունը և ժողովուրդը։
Վարչապետի կարծիքով հասունացման խորհրդանշական կետը ՀՀ տարածքը 29 800 քառ․ կմ լինելու մասին իր հայտարարությանը հետևած բազմահազարանոց ցույցն էր․ «Ինչից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք, ինչը ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների և ձախողումների, ըստ էության, անկյունաքար։
Եվ այս ամենից մեր հետևությունը պետք է լինի միանշանակ։ Փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, նրա տարածքային ամբողջականության հետ, և այս նպատակին է ծառայում վերը առաջարկված կարգախոսը․ «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»։