Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան

«Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»։ ԱԺ-ում 2024թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն ներկայացնելով որպես պետական հայեցակարգային ուղենիշ։

ՀՀ վարչապետը նշեց, որ այս ընկալումից բխող առանցքային խնդիրը պետության աշխարհագրական տեղադիրքի գիտակցումն է։

«Կարևոր եմ համարում արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ գլոբալ քննարկումից առաջ գիտակցել, որ մենք հարավկովկասյան տարածաշրջանում ենք, ունենք 4 հարևան, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ։ Այս առումով կարևոր է Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների բարեկամական համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»,- ասաց նա։

Փաշինյանն արձանագրեց, որ իրենց պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում են, որ դա հեշտ չի լինելու․ «Բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է ՀՀ պետական շահերից»։

Նա հարց ուղղեց, թե ինչքանով է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը հատկապես այն տրամանաբանությամբ, որ փորձում են առաջիկա ամիսներին նման արդյունքի հասնել։

«Ըստ էության, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական։ Էլի եմ ասում, եթե կողմերը հավատարիմ են մնում արդեն պայմանավորված սկզբունքներին»,- ասաց նա՝ հիշեցնելով, թե որոնք են այդ սկզբունքները։

1․ ՀՀ-ն ու ադրբեջանական հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ՀՀ-ն՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քառ․ կմ։

«Ի դեպ, ուզում եմ ասել, որ նաև մեր հայացքից չի վրիպել, որ այս թվերի, այսպես ասած, ճշգրտությունը նաև քննադատությունների առարկա և թիրախ է դառնում, որովհետև շատերն ասում են՝ էդ ինչ թիվ է՝ 29 800 քառ․ կմ, այսինքն՝ կլոր թվերի նկատմամբ այդ ավանդական անվստահությունը այստեղ էլ է աշխատում, և ես ուզում եմ մի շատ կարևոր արձանագրում անել, որ թեման ամբողջապես պարզ լինի, որովհետև պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում, և հիմնական գաղափարը եղել է հղում անել կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ մի աղբյուրի և հիմք վերցնել այդ թիվը՝ հասկանալով, որ հետագա քննարկումների և համաձայնությունների ըթնացքում տեղի է ունենալու դեմարկացիա, դելիմիտացիա և այլն։ Ըստ էության, այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել են Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանի ԽՍՀ տարածքի մասին արձանագրումները։ Էնտեղ գրված է՝ ՀՀ՝ 29 800, Ադրբեջանական Հանարեպոտություն՝ 86 600 քառ․ կմ։ Օրինակ՝ դա արձանագրված է հանրագիտարանի 1977թ․ հրատարակություններում։ Ահա այս պրոցեսի քաղաքական բնույթից գործնականացնելու համար է նաև 2-րդ սկզբունքը արձանագրվել»։

2․ Կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակարգրի հիման վրա։

«Դա նշանակում է ելնել այն իրողությունից, որ ԽՄ ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնք և որոնց անխախտելիությունը կողմերը ճանաչել են և ճանաչում են Ալմաթիի հռչակագրով։ Այս գործընթացում առանցքային է հռչակագրի ստորագրման պահի դրությամբ առկա իրադրությունը արձանագրող քարտեզների առկայությունը, և պիտի ասեմ, որ կա շատ կարևոր հանգամանք, որ կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք մեծ հաշվով, ոչ թե մեծ հաշվով, այլ արտահայտում են այդ իրողությունները, և կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում այս գործընթացում արագ և արդյունավետ կարելի է առաջ գնալ»։

3․ Բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա և տարածաշրջանային կոմունիկացիաները գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով։

«Այս սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումները մենք վերջերս ամփոփեցինք՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ամբողջական և հայեցակարգային տեսք տալով»։

Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանում տեղի են ունեցել և տեղի են ունենում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք նաև միտված են այս նպատակին։ Նա նշեց, որ Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգությունը ապահովելն է լինելու, և բացի սրանից՝ շաբաթ օրը արդեն ՀՀ ամբողջ տարածքով գործարկվել է Պարեկային ոստիկանության աշխատանքը, որի խնդիրների մեջ մտնում է նաև կոմունիկացիաների անցումը ՀՀ տարածքով։

«Այս 3 սկզբունքը և գումարած, իհարկե, ևս մեկ հիմնարար հանգամանք, որ այս հարաբերությունների ընթացքում կողմերը հրաժարվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից, և եթե այս արձանագրումները, բոլոր պայմանավորվածությունները, որոնք տարբեր փաստաթղթերում արձանագրված են [․․․]»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն