Մեզ համար շատ կարևոր է եղել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հասնող աջակցությունը լինի հրատապ և լինի արաժանապատիվ։ Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին 2024թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով բռնի տեղահանվածներին տրամադրվող ֆինանսական և այլ աջակցության ծրագրերը։
«Էլի եմ ասել, և մենք մի քանի անգամ տարբեր կազմերով քննարկել ենք այս հարցը՝ մեր առաջնային մոտեցումն այն է եղել, որ այսպես ասած, բոլորիս հայտնի հումանիտար օգնությունների գործելակերպերը, երբ մարդկանց օգտագործած հագուստ, գույք և այլն հավաքելը և բաշխելը համարվում է հիմնական անելիք, մենք ամեն ինչ անում ենք այս ուղղությունը նվազագույնի հասցնելու համար»,- ասաց նա։
Նրա խոսքով մոտեցումն այն է, որ մարդկանց տան իրենց առաջնային կարիքների համար գումարներ, թող իրենք որոշեն՝ ինչ են ուզում հագնել․ «Իհարկե հասկանալի է, որ գնային որոշակի սահմանափակում կա, ինչը բոլորն էլ ունեն»։
Փաշինյանը ընդգծեց, որ սա կարևոր է ոչ միայն ԼՂ-ից տեղահանվածների արժանապատվության առումով․ «Սա կարևոր քաղաքական, հայեցակարգային, և նույնիսկ քաղաքակրթական մոտեցում է, և նաև այս մոտեցումն է պատճառը, որ մենք իսկապես դեռևս գոնե էս պահի դրությամբ բավականին հաջողությամբ կարողանում ենք կառավարել հումանիտար իրավիճակը»։