civilnet.am: Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը հայտարարել է, թե Ադրբեջանը «համապարփակ երաշխիքներ է տրամադրում հայերին՝ Ղարաբաղի տարածքում ապահով ապրելու համար»։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այդ մասին ադրբեջանցի պաշտոնյան ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը։
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ: