Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի կլինի. կոնգրեսական Թոմ Քին |1lurer.am|

1lurer.am:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Թոմ Քինն ասել է, որ բացարձակապես անընդունելի է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը: 
 
«Սեպտեմբերի 19-ին էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների պատճառով 100 հազարից ավելի հայ ապաստան գտավ Հայաստանում: Այդ մարդիկ ունեն միջազգային մարդասիրական աջակցության խիստ կարիք: Չնայած Ադրբեջանը պնդում է, թե կապահովի էթնիկ հայերի իրավունքները, վստահություն այդ հարցում չկա երկու կողմում էլ: Մենք Կոնգրեսում ուշիուշով կհետևենք Ադրբեջանին, որպեսզի երաշխավորենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ հարգում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: 
 
Մենք պետք է ապահովենք, որպեսզի տևական խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար երաշխավորի ավելի լավ կյանք: Պետք է հասկանալ, թե գործող վարչակազմն ինչպես է աշխատում միջազգային հանրության հետ՝ Հայաստանին և Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Այս պահին Լեռնային  Ղարաբաղի 100 հազարից ավելի հայ որպես փախստական բնակվում է Հայաստանում: Մենք չենք կարող թույլ տալ, որ տարածաշրջանը ցնցվի ևս մեկ պատերազմից՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող հակամարտությունները: Պետք է նաև պարզենք, թե ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Փաուերի հայտարարած  ավելի քան 11 միլիոն դոլարի աջակցությունն ինչպես է օգտագործվում: 
Ես խորապես հիասթափված եմ, որ Բաքուն դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փոխարեն ընտրեց տարածաշրջանն ուժով գրավելու ճանապարհը: Դա միայն խորացրել է երկու կողմերի միջև անվստահությունը: Կցանկանայի լսել, թե այսօրվա զեկուցողներն ինչպես են նախագահ Ալիևին հասցնում այն ուղերձը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ուժի կիրառումը, ներառյալ՝ Սյունիքի մարզը, բացարձակապես անընդունելի կլինի: Ես ցանկանում եմ տեսնել խաղաղ տարածաշրջան, որը զերծ է Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից»,- ասել է կոնգրեսականը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն