«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»․ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: 2024-ի բյուջեով կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ վստահեցնելով՝ սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության։

Ըստ վարչապետի՝ քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է։

«Ես վստահ եմ, որ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք, և այդ առումով մեր զինված ուժերի ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստությունները անկեղծ չեմ համարում։ Յուրաքանչյուր ինքնիշխան պետության պարտականութունն է ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք, և վերջին 10-ը տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում 3 անգամ ավելի են եղել և շարունակում են այդպիսին մնալ», – հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ստիպված են ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պատերազմում պարտությունից հետո Հայաստանից վտանգ են տեսնում։

Ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը, հարց հնչեցրեց վարչապետը՝ պարզաբանելով՝ մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջև։

«Որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի՝ Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային տարբերակի վրա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց նաև, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի քաղաքական կամքը մնում է անսասան, սակայն հստակեցնելու մի քանի հարցեր կան։

«Մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է, մյուսն անվտանգային երաշխիքների ստեղծումը, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն