aysor.am։ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» որոշման նախագծում: Նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նշեց՝ թեև նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբ պատրաստ են հսկիչ դրամարկային մեքենաների առաջին խմբաքանակները ներկրել, սակայն տեխնիկական խնդիր կա, որ այդ ՀԴՄ-ները պետք է պարտադիր ունենան պոստ-տերմինալներ:
«Բանկերի հետ աշխատելու համար երկար ժամանակ է պահանջվում և մենք առաջարկում ենք, եթե մյուս տեխնիկակական պահանջները բավարարված են, ապա պոստ-տերմինալի ֆունկցիան կես տարվա ընթացքում իրականացվի, սրանով հնարավորություն կտանք, որ ներկրվեն ՀԴՄ-ները», – ասաց Դավիթ Անանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ երկար տարիներ քննարկվում էր ՀԴՄ-ների ներմուծման շուկան ազատականացնելու հարցը և, երբ ազատականացրեցին այն, առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ:
Վարչապետը հետաքրքրվեց՝ ո՞րն է ՀԴՄ-ների պահանջարկի ավելացման պատճառը։
«Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Առաջին հերթին, իրավական ակտի ուժով է պայմանավորված, երկրորդ՝ նոր տնտեսավարողների գրանցվելու և հաշվառվելու, և երրորդ՝ ստվերից դուրս բերելու արդյունքում է մեծացել պահանջարկը», – ասաց ՊԵԿ նախագահը:
Նա նշեց՝ գործող ընկերությունները՝ շրջանառության ոլորտներն ընդլայնելու արդյունքում, նոր ՀԴՄ-ներ ձեռք բերելու անհրաժեշտություն են ունեցել:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի վերջո, պետք է կանխիկի շրջանառությունը նվազեցնելու և այնուհետև վերացնելու ռազմավարական խնդիր դնեն, ինչը կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարում:
Նա նկատեց, որ բանկային քարտերն իրենց արդիականությունը կորցնում են և տարածվում է բջջային հեռախոսների հետ բանկային հաշիվը կապելու միտումը: