hetq.am: Օրեր առաջ մահացած Աշոտ Մխիթարյանի հարազատները թաղման հաջորդ օրը նրա գերեզմանը հայտնաբերել են թալանված․ գողացել են 29 ծաղկեպսակներն ու մի քանի տասնյակ ծաղկեփնջերը:
Հուղարկավորությունը եղել է Շենգավիթի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանը: Ա. Մխիթարյանի քույրը՝ Դուստրիկ Մխիթարյանը, «Հետքին» ասաց, որ կրկնակի ցավ են ապրել, երբ այցելել են եղբոր գերեզմանին և տեսել այն թալանված: Տարածքում միայն մնացել էին ծաղիկների տերևներն ու դրանց կոտրված մասերը:
Դուստրիկ Մխիթարյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, ծաղկեպսակներն ու ծաղիկները գողացել են դեկտեմբերի 9-ի գիշերը, քանի որ թաղումը եղել է դեկտեմբերի 8-ին: Իսկ թաղման հաջորդ օրը հողաթումբն ամբողջությամբ դատարկ էր:
Պարզվում է՝ առաջին դեպքը չէ, երբ Երևանում հարազատները գերեզմանները հայտնաբերում են թալանված: «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանն աշխատողները Ա. Մխիթարյանի հարազատներին պատմել են, որ նմանատիպ դեպքեր էլի են լսել: Նույնիսկ զինվորականների գերեզմանների ծաղիկներն են գողացել:
Դուստրիկ Մխիթարյանն ասաց, որ դիմել են ոստիկանություն՝ հույս ունենալով գտնել արարքը կատարողներին: Նշեց, որ նպատակը հետագայում նմանատիպ դեպքերը կանխելն է, քանի որ շիրիմներն այդ ձևով պղծելը դեմ է մեր արժեքներին:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ գերեզմանատների գողությունների դեպքով առանձին վիճակագրություն չեն վարում, հետևաբար՝ առանձին տվյալներ դուրս հանելու համար ժամանակ է պետք:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում