ՀՀ երկու քաղաքացի՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ․ ովքե՞ր են նրանք և ինչո՞վ են զբաղվել |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի քաղաքացիներ Հերմինե ու Արամ Քոչարյանները հայտնվել են Միացյալ Նահանգների առևտրի դեպարտամենտի պատժամիջոցների տակ։ Քոչարյանների հետ միաժամանակ պատժամիջոցներ են կիրառվել նաև նրանց պատկանող «Արմ-բեկար» ընկերության նկատմամբ։ ՍիվիլՆեթին հաջողվել է պարզել, որ Հերմինե ու Արամ Քոչարյանները քույր ու եղբայր են, նախկինում էլ աշխատել են կառավարությունում։ Նրանց ընկերությունը զբաղվել է մասնավոր ինքնաթիռների պահեստամասերի ներմուծմամբ ու վերարտահանմամբ Ռուսաստան։

Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ առևտրի դեպարտամենտը հրապաակեց մի նոր պատժամիջոցների ցուցակ։ Ներառված էին ֆիզիկական ու իրավաբանական անձանց տվյալներ ՀՀ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Չինաստանից, Կիպրոսից, Բելգիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից։ Առևտրի դեպարտամենտը հայտնել է՝ այս անձինք ու ընկերությունները պատժամիջոցների ներքո են հայտնվել, քանի որ կան հիմնավոր պատճառներ՝ ենթադրելու, որ նրանք ներգրաված են ԱՄՆ անվտանգությանը սպառնացող գործողություններում կամ ԱՄՆ արտաքին քաղաքականությանը հակասող գործողություններ են իրականացրել։ Պատժամիջոցները ենթադրում են սահմանափակումներ այդ ընկերությունների ու մարդկանց համար՝ ներառյալ փոխանցումների հետ կապված, արտահանման ու վերաարտահանման դեպքերում։

Դեկտեմբերի 7-ին հաստատված պատժամիջոցների նոր ցանկում է հայտնվել հայկական «Արմ-Բեկար» ընկերությունը։ Այն ստեղծվել է 2022-ին։ Ընկերությունը, ըստ Պետեկամուտների կոմիտեի, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով։ Էկոնոմիկայի նախարարության մի փաստաթղթից էլ տեղեկանում ենք, որ ընկերությունն իրականացնում է հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում ու առևտուր։ Այս տարի «Արմ-բեկարը» ներառվել էր Պետեկամուտների կոմիտեի կողմից բարձր ռիսկայնության հարկ վճարողների խմբում, որոնց մոտ տարվա ընթացքում ՊԵԿ-ը ստուգումներ պիտի իրականացներ։

«Արմ-բեկար»-ի միակ բաժնետերը Հերմինե Քոչարյանն է։ Համացանցում առկա տեղեկություններից երևում է, որ Քոչարյանը եղել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ։ Սիվիլնեթի գրավոր հարցմանը պատասխանելով՝ կառավարությունից հայտնել են, որ հարցումը ստանալու օրվա դրությամբ վարչապետի աշխատակազմում այդ անուն, ազգանուն, հայրանունով անձ չի աշխատում։ Ի պատասխան Քոչարյանի՝ կառավարությունում նախկինում աշխատելու վերաբերյալ հարցին, վարչապետի աշխատակազմը մեջբերել է մի շարք օրենքներից դրույթներ, թե ինչու չի կարող այդ տեղեկատվությունը տրամադրել։ Սիվիլնեթին սակայն հաջողվեց պարզել, որ Հերմինե Քոչարյանը կառավարությունում է աշխատել մինչև 2019 թվականը։

Պատժամիջոցների ցանկում է ոչ միայն «Արմ-բեկար»-ը, այլ նաև Հերմինե Քոչարյանը՝ որպես ֆիզիկական անձ։

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև նրա եղբայրը՝ Արամ Քոչարյանը։ Վերջինս 2005-2011 թվականներին աշխատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես աշխատանքի վարձատրության բաժնի գլխավոր մասնագետ։ Արամ Քոչարյանը պետական որևէ պաշտոն չի զբաղեցնում արդեն ավելի քան 12 տարի։

Սիվիլնեթի հետ զրույցում Արամ Քոչարյանն ասաց՝ որևէ լուր չունի, թե ինչո՞ւ է իր ընտանիքին պատկանող ընկերությունը հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ «Ես ինքս բանկից եմ իմացել սանկցիաների մասին, ասել են՝ եկեք, ձեր Visa քարտերը փակեք»,- պատմեց Քոչարյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն