Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Բայդենի դեմ իմփիչմենթի հետաքննությանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 13-ին 221 կողմ 212 դեմ ձայների հարաբերակցությամբ լիազորել է երկրի նախագահ Ջո Բայդենի նկատմամբ իմփիչմենթի հետաքննություն սկսել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Այսպիսով, Ներկայացուցիչների պալատի բոլոր հանրապետական անդամները կողմ են քվեարկել իմփիչմենթի հետաքննությանը, որը կարող է հանգեցնել նախագահի հեռացմանը պաշտոնից, եթե Սենատում կայացած դատավարության ժամանակ նրան մեղավոր ճանաչեն։

Հետաքննությունը կենտրոնացած է Բայդենի և նրա ընտանիքի անդամների, մասնավորապես՝ նրա որդի Հանթեր Բայդենի գործարար կապերի շուրջ։ Ըստ հանրապետական կոնգրեսականների՝ Բայդենի փոխնախագահության տարիներին նրա որդին արտերկրում, այդ թվում՝ Չինաստանում բիզնեսներից հսկայական եկամուտներ է ստացել, իսկ Ջո Բայդենն, իբրև, բազմաթիվ շփումներ է ունեցել իր ընտանիքի օտարերկրյա գործընկերների հետ։

Չնայած բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ կոնգրեսականները դեռ պետք է ապացույցներ ներկայացնեն, սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը X սոցիալական հարթակի իր էջում գրել է, որ նման ապացույցներ առկա են։

«Մենք տեսել ենք վկաների ցուցմունքներ և բանկային փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ օտարերկրյա հակառակորդներից միլիոնավոր դոլարներ են հոսել Բայդենների ընտանիք: Վկաները ցուցմունքներ են տվել Նախագահի բազմաթիվ շփումների մասին իր ընտանիքի օտարերկրյա հաճախորդների հետ», – գրել է Ջոնսոնը։

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները պնդում են, որ Բայդենի նկատմամբ հետաքննությունը նախաձեռնվել է՝ որպես վրեժ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի երկու հետաքննությունների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով