azatutyun.am: Այս պահին քննարկվում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում խորհրդային ամենաթարմ քարտեզների ընդգրկման հնարավորությունը, այսօր ի պատասխան «Ազատության» հարցման՝ Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ արդյոք 1975-90-ական թվականների կամ խորհրդային ամենաթարմ քարտեզների մասին հիշատակում կարո՞ղ է լինել խաղաղության պայմանագրում:
«Խորհրդային ամենաթարմ քարտեզն է: Ես ուզում եմ կրկին կարևորենք սկզբունքները: մեզ համար չափազանց կարևոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի դրա, դրա սկզբունքները, դրա հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում: Մեր համար քարտեզների հիշատակումն այդպիսի դրսևորում է՝ վստահանալու, որ որոշակի կանխատեսելիություն է ապահովելու՝ անշուշտ չկանխորոշելով արդյունքները, հակառակ դեպքում սահմանազատման գործընթացն անիմաստ կլինի: Այս պահին, այո, մենք քննարկում ենք քարտեզների ընդգրկման հնարավորությունը՝ որպես սահմանազատման սկզբունք ամրագրելու, սահմանազատման համար կանխատեսելիություն ապահովելու դրսևորում», – պատասխանեց ԱԳ նախարարը:
Հարցին էլ՝ արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն հայտնե՞լ է Հայաստանի պնդած երեք սկզբունքների հիման վրա ստորագրելու այդ պայմանագիրը, Արարատ Միրզոյանն արձագանքեց. – «Հայաստանի պաշտպանած երեք սկզբունքները ըստ էության երևի թե շատ ֆորմալ առումով երևի ճիշտ չէ ձևակերպել Հայաստանի առաջ քաշած կամ Հայաստանի պաշտպանած երեք սկզբունք, սրանք միջազգային իրավունքին համահունչ, ակնհայտ, արդար ընդունված և նույնիսկ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում հանրահռչակված սկզբունքներ են: 3 սկզբունք, որ ասում ենք, խոսում ենք ինքնիշխանության մասին, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անձեռնմխելիության մասին: Ընդունել է, չի ընդունել երեկվա հանդիպման ընթացքում, կարծում եմ, մի փոքր հարցի պարզունակ գնահատում կլինի: Մենք պետք է առաջնորդվենք, այնուամենայնիվ, հրապարակային հայտարարություններով ու հրապարակավ հաստատված պայմանավորվածություններով»: