Գնում կախիչին ձեռք ես տալիս, ընկնում է, էլ չեմ ասում, որ զուգարաններում թափանցիկ ապակի է դրված. Փաշինյանը՝ դպրոցներում իրականացվող ծրագրերի մասին |tert.am|

tert.am: Մեր ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ եմ տեսնում, մասնավորապես դպրոցներում իրականացվող ծրագրերում:

Այս մասին  կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ դեպքերում գործ ունենք նախագծման խոտանի հետ, իրականացման խոտանի հետ և գույքի որակի հետ կապված խոտանի հետ: Ձեզ մի օրինակ բերեմ, մենք դպրոցների մարզադահլիճների ծրագրեր ենք իրականացնում: Կառուցում ենք մարզադահլիճը ու արձանագրում ենք հետևյալը. այդ մարզադահլիճում կա բասկետբոլի վահանակ:

Բասկետբոլի վահանակը բասկետբոլի վահանակն է, չի կարող այնտեղ նմանեցված ինչ-որ բան կախված լինել, ցանկացած բան, որի վրա օղակ է, դա բասկետբոլի վահանակ չէ: Ընդ որում սեպտեմբերից ուր գնում եմ, նայում եմ ասում եմ այս վահանակը ոնց որ էն չի, բոլորն ասում են՝ չէ նորմալ է, այդպես էլ պետք է լինի, պետք չի շատ խորանալ պարոն վարչապետ: Բայց  հիմա արձանագրում ենք, որ մի քանի հազար դրամ այսկողմ այնկողմ անելու համար ինչ ասես բերում կախում են:

Կամ  գույք ենք ձեռք բերել , տվել ենք ֆիզկուլտուրայի դահլիճին, օրինակ վոլեյբոլի ցանց, բայց դահլիճում վոլեյբոլի գծանշում չկա: Մենք հիմա տասնյակ դպրոցների տվել ենք վոլեյբոլի ցանց, բայց մտնում  ես դահլիճ, ասում ես՝ բա ու՞ր է վոլեյբոլը: Մեր ամբողջ նպատակը տնայնագործությունից դուրս գալն է, ի վերջո պետական հաստատություն է: Էլ չեմ ասում շվեդական պատերը, այցի ժամանակ գնում բռնում ենք, փուշ է մտնում մատներս, բա ենթադրվում է, որ երեխաները այնտեղ պետք է մարզվեն, գնում ենք կախիչին ձեռք ենք տալիս ընկնում է, որտեղ գնում ես,  ջուրը կաթում է:

Էլ չեմ ասում , որ ես 5 ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, զուգարանի պատուհանը ինչու է թափանցիկ պատից, դրա համար հատուկ գիտելիքնե՞ր է պետք ունենալ: Ինչու պետք է վարչապետը գնա այդ ամենը տեսնի»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ծրագրերի իրականացման պատասխանատուները մարզպետներն են և դիմելով նրանց՝ հորդորեց հետևողական լինել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև