2023 թվականը «գործարքային դիվանագիտության» տարի․ HRW |azatutyun.am|

azatutyun.am: Ղարաբաղյան հակամարտությունն ու Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանությունը՝ Հայաստանում անցած տարվա գերիշխող իրադարձություններ, HRW-ն (Human Rights Watch) է փաստում երեկ երեկոյան հրապարակած ամենամյա տարեկան զեկույցում:

Իրավապաշտպանները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան հարյուր հազար բնակչությունը լքել է իր տունը Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, ինչին նախորդել է ամիսներ տևած շրջափակումը, որի հետևանքով տեղի բնակչությունը բախվել էր դեղորայքի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների, պարագաների սուր պակասի։

Հեղինակավոր կառույցը փաստում է, որ առհասարակ անցած տարին պատմության մեջ թերևս կնշանավորվի որպես մարդու իրավունքների ամենասուր ճգնաժամերով, որոնք ուղեկցվել են ողբերգական հետևանքներով։ Human Rights Watch-ը պնդում է՝ մեղավոր են համաշխարհային առաջնորդները, որոնք «չկարողացան կամ չցանկացան վճռական դիրքորոշում որդեգրել իրավունքների պաշտպանության հարցում` փոխարենը ներքաշվելով «գործարքային դիվանագիտության մեջ»։

Կազմակերպության ղեկավար Տիրանա Հասանի գնահատմամբ, 2023 թվականը նախորդ տարվա շարունակությունն էր ոչ միայն մարդու իրավունքների ճնշման և պատերազմի վայրագությունների, այլև ընտրովի արձագանքի քաղաքականության, գործարքների դիվանագիտության առումով, ինչի համար թանկ գին են վճարել նրանք, ովքեր հայտնվել էին հերթական «փաթեթում»:

Կազմակերպությունը քննադատում է Միացյալ Նահագների նախագահին, պնդելով, որ Ջո Բայդենը էական շահագրգռվածություն չցուցաբերեց մարդու իրավունքները ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Կառույցի գնահատմամբ, Եվրամիությունն իր հերթին է երես թեքել մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություններից:

«Միջազգային համակարգը, որի վրա հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությունը, վտանգվում է, երբ համաշխարհային առաջնորդները ձևացնում են, թե մտահոգված չեն մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների խախտումներով», – շեշտում է Հասանը:

Վերլուծելով ներհայաստանյան իրավիճակը`HRW-ը մի շարք խնդիրներ է առանձնացրել՝ ոստիկանական, խոսքի ազատության, դատաիրավական ոլորտներում։

Հայաստանում սահմանադրական բարեփոխումները փակուղում են, փոխարենը իշխանությունները որոշ բարեփոխումներ են իրականացրել առանձին ոլորտներում՝ դատական, ոստիկանական, կրթական ոլորտներում։ Այդուհանդերձ, ըստ զեկույցի հեղինակների՝ իրավապաշտպան շրջանակների մտահոգությունները, մասնավորապես, դատական բարեփոխումների արդյունավետության և ենթադրյալ իրավախախտումների մեջ կասկածվող դատավորների պատասխանատվության գործընթացի անաչառության վերաբերյալ պահպանվում են, քննադատությունը չի մարում նաև ոստիկանության համապարփակ բարեփոխումների բացակայության առնչությամբ։

HRW-ը տարիներ ի վեր ահազանգում է հայաստանյան կալանավայրերում բռնությունների և վատ վերաբերմունքի դեպքերի մասին՝ նոր զեկույցում էլ ընդգծելով, որ խնդիրը չի կարգավորվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն