ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ատոմակայան

2024 թվականի հունվարի 16-ին ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։

Կայանի արտադրական տարածքում կազմակերպված տեխնիկական շրջայցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնական և օժանդակ համակարգերի ու սարքավորումների աշխատանքին:

Շրջայցից հետո «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում դիտարկվել են երկու երկրների միջև ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության հնարավորությունները: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մեկնարկել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծի շուրջ աշխատանքները, որոնց համար հայտարարվող մրցույթներին կարող են մասնակցել նաև ոլորտում ընդգրկված չինական ընկերությունները: Բացի այդ, անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նախագծին. ըստ այդմ՝ նախանշվել են դիվանագիտական գերատեսչության միջնորդությամբ չինական ոլորտային կազմակերպությունների հետ փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու եղանակները:

Փոխադարձ քննարկումների արդյունքում կողմերը ողջունել են համագործակցության պատրաստակամությունն ու դրական են գնահատել այդ ուղղությամբ տեսանելի նախադրյալները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով