news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիր վավերացմանը:
Այս Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090,000 եվրոյի չափով վարկ: Ակնկալվում է, որ Համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին։
Ըստ Համաձայանգրի Վարկի փակման ամսաթիվ է համարվում 2028թ. մարտի 31-ը կամ այն ամսաթիվը, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել Վարկառուի և ԱԶԲ-ի միջև:
Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը:
Նախատեսված աշխատանքները ներառում է.
Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս,
Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ,
Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց:
Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է (իջատեղերով և երկրորդային ճանապարհով՝ 6,6 կմ): Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց (3×3), որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ: