ԱՄՆ-ի խոշոր քաղաքներն ուժեղացնում են անվտանգությունը` իրանցի գեներալի սպանությունից հետո |tert.am|

tert.am։ ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներում իրավապահ մարմինները բնակիչներին տեղեկացրել են, որ պաշտոնատար անձանց նախաձեռնությամբ կրկնապատկվելու են քաղաքների խոցելի վայրերում անվտանգության ուժեղացմանն ուղղված ջանքերը: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վոլֆը հայտարարել է, որ իրենց նախարարությունն աշխատում է իրավապահների հետ և պատրաստ է արձագանքել ցանկացած սպառնալիքի, սակայն այդպիսիք դեռևս ի հայտ չեն եկել:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ ինքը խորհրդակցում է քաղաքային իշխանությունների հետ այն քայլերի վերաբերյալ, որոնք պետք է նախաձեռնի ոստիկանությունը քաղաքի կարևորագույն վայրերն «Իրանի կամ նրա դաշնակից ահաբեկիչների կողմից ԱՄՆ-ին ուղղված պատասխան հարվածից պաշտպանելու համար»:

«Քաղաքը երկար ժամանակ զգոնություն կպահպանի այս սպառնալիքի դեմ»,- հայտարարել է քաղաքապետը:

«Նյու Յորքի ոստիկանությունը շարունակում է ուշադիր հետևել Իրանում և ամբողջ տարածաշրջանում զարգացող իրադարձություններին: Չնայած որ Նյու Յորքի համար հստակ սպառնալիք դեռևս չկա, մենք լրացուցիչ միջոցներ ենք տեղակայել կարևորագույն վայրերում»,- հավելել է Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Դերմոտ Շեան:

Լոս Անջելեսը, որտեղ ապրում են զգալի քանակությամբ իրանցիներ, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին ուղղված ամերիկյան հարվածից ժամեր անց նույնպես հայտարարություն է տարածել՝ խնդրելով քաղաքի բնակիչներին «տեղեկացնել այն մասին, ինչ տեսնեն»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն