ՀՌՀ-ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հունվարի 25–ին Sputnik Արմենիան 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ ՀՌՀ–ն միաձայն կողմ քվեարկեց, որ «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիայի չեղարկման կասեցումը վերացվի։

«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

ՀՌՀ-ն գտնում է, որ այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, կատարվել է։

Հակոբյանն ընդգծեց, որ բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան և հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու Sputnik Արմենիան կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։

«Բոլոր հիմքերը կան այդպիսի խախտման պարագայում հետ կանչել լիցենզիան և զրկել «Տոսպա»–ին ՀՀ սուվերեն տարածքում հեռարձակելու իրավունքից»,- նշեց նա։

Հիշեցնենք` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիառադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։

ՀՌՀ–ի որոշման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է, որտեղ հեղինակն իբր հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով