Ա․ Հովսեփյանի ավտոմեքենայի առերևույթ հրկիզման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Արիանա Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայի առերևույթ հրկիզման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Հունվարի 25-ին, գիշերը, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ, Երևանի բնակիչ Արիաննա Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայի առերևույթ հրկիզման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (հոգեկան ներգործությունը) և 264-րդ հոդվածի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով։

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Խիստ նախնական և դեռևս ստուգման ենթակա տվյալներով ավտոմեքենայի հրկիզումը Արիաննա Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ առերևույթ կապ չունի։ Վերջինս վարույթի շրջանակներում ճանաչվել է տուժող։

Վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի հրկիզման վերաբերյալ ֆեյսբուքյան հայտնի գրառումը կատարած անձանավորությունը, որի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցենք, որ լուրեր էին տարածվել, որ Երևանի Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում, որը պատկանում է NewsPress.am-ի տնօրեն Արիանա Հովսեփյանին։ Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերերից Մարտին Ամիրղանյանը գրառում էր կատարել, որ ինքն է հրկիզել մեքենան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն