azatutyun.am: «Անջատականները, որոնք երկար տարիներ Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ են կատարել, ձերբակալվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում», – այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը՝ Գլխավոր դատախազության ընդլայնված կոլեգիայի նիստում։
«Անջատականների նկատմամբ դատավճիռները կկայացվեն ադրբեջանական դատարաններում», – ասել է Քեմրան Ալիևը։
Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։ Երեկ Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգեց նրանց կալանքը։