Դատարանում քննվող բռնության կոչերի 95%-ը ուղղված է Փաշինյանին և նրա աջակիցներին |hetq.am|

hetq.am: 2020 թ. ապրիլի 15-ին Քրեական օրենսգիրքը լրացվեց 226.2 հոդվածով, որը վերաբերում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։

Նոր Քրեական օրենսգրքում այդ հոդվածին փոխարինեց 330-րդը, համաձայն որի՝ արգելվում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Հոդվածի ընդունումից ի վեր՝ 4 տարում դատարան է հասել 38 քրեական գործ: Այդ գործերից 36-ը (94.7%) վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղված կոչերին են վերաբերում: Մյուս 2 գործերը ընդդիմադիրներին ուղղված կոչերի վերաբերյալ են: Անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչերի հիմքով գործերը կազմում են ընդհանուրի 68,4%-ը:

Եթե այս ցուցանիշները վերլուծենք ըստ տարիների, ապա կտեսնենք, որ 2020-ին այս հոդվածով որևէ գործ դատարան չի հասել: 2021-ին դատարան է հասել 12 գործ, որոնցից 10-ը Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների վերաբերյալ են, իսկ 2-ը՝ ընդդիմադիրների: 2022-ին դատարան է հասել 8 գործ, 2023-ին՝ 18. վերջին 2 տարիներին բոլոր գործերը Նիկոլ Փաշինյանին և նրա աջակիցներին են առնչվում:

Հոդվածը սահմանում է պատիժ՝ տուգանքի տեսքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Իսկ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ եթե արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով կամ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, ԶԼՄ-ների կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ քաղաքական բանավեճի կոնտեքստում ասված խոսքը պետք է պաշտպանվի, նույնիսկ եթե վիրավորական է: «Այսինքն՝ իշխանությունը պետք է հանդուրժողականություն ցուցաբերի»,- ասում է Ղազարյանը: 

Նրա կարծիքով՝ բռնության կոչի առանձնացումը ատելության խոսքին վերաբերող հոդվածից ոչ թե պետք է ընկալվեր այդ համատեքստից դուրս, այլ պետք է ընկալվեր հենց ատելության շարժառիթով հնչեցված բռնության կոչ, իսկ իշխանության հասցեին ուղղված արտահայտությունները, ըստ նրա, ատելության խոսք չպետք է որակվեն։ 

Ղազարյանը թվարկում է մի քանի չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնել արտահայտությունը որակելիս։ Օրինակ՝ ի՞նչ կոնտեքստում է խոսքը ասված, ո՞վ է ասողը, դրա խստության աստիճանը, բառընտրությունը, արդյոք դա հասարակական վտանգավորություն ներկայացրել է կամ կարող էր ներկայացնել։ «Ես գտնում եմ, որ դրանք վիրավորական բնույթի քննադատություն են իշխանության հասցեին, որում կանխակալությունը, բացասական նախատրամադրվածությունը անձի նկատմամբ զուտ իր քաղաքական հայացքներով չկան։ Գուցե օգտագործվել են վուլգար, վիրավորական արտահայտություններ, բայց դա դեռ չի նշանակում, որ ատելության խոսք է»,- ասում է նա։

Միջազգային իրավունքի մասնագետը նկատում է՝ իշխանությունը փնտրտուքի մեջ է: Քանի որ ծանր վիրավորանքի մասին հոդվածն ապաքրեականացվեց, միակ հնարավոր հոդվածը իրենց օգտին կիրառելու համար բռնության կոչերի վերաբերյալ հոդվածն է: «Բայց ես ասում եմ՝ 330-ի հիմքում պետք է ընկած լինի փոքրամասնության նկատմամբ կանխակալ, բացասական վերաբերմունքը՝ ատելությունը, ոչ թե ղեկավարի հասցեին ուղղված վիրավորական արտահայտությունը»,- կրկնում է մասնագետը:

Արա Ղազարյանի կարծիքով՝ հարցի լուծման ճանապարհը քրեաիրավական հարթությունից այն վարչաիրավական տիրույթ տեղափոխելն է։ Սակայն, այդ պարագայում այս հարցը կրկին քննադատության կենթարկվի և կարող է արդյունավետ չլինել, որովհետև քաղաքական կոնտեքստում ասված խոսքը չպետք է հետապնդվի։

Գործերի զգալի մասի հիմքում ընդդիմադիր գործիչների կողմից իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված արտահայտություններն են։ Ամբաստանյալի աթոռին են, օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը և այլք։ Այդ շարքերում կան նաև հասարակ քաղաքացիներ, որոնք աչքի են ընկնում սոցիալական ցանցերում իրենց ակտիվությամբ և քաղաքական ընդգծված հայացքներով։ Գործերի ճնշող մեծամասնությունը սոցիալական ցանցերում արված հրապարակումների համար են։

Բռնության կոչերի հիմքով քիչ չեն նաև նախաքննության փուլում գտնվող գործերը։ Դատախազության տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ 104 քրեական վարույթ գտնվել է նախաքննության փուլում։ 

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, որ շուրջ 4 ամիս տևած դատական գործընթացից հետո արդարացվեց, մեղադրվում էր հետևյալ գրառման համար․ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։ Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է՝ մեղադրանքի հիմքն այն է, որ Ադիբեկյանը կոչ է արել Փաշինյանին ինքնասպան լինել։ Մինչդեռ իր համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր դա բռնության կոչ համարել։ Նա մատնանշում է այն հանգամանքը, որ իրավապահ մարմիններն իրենց նախաձեռնությամբ ու նախընտրությամբ են մոնիթորինգ իրականացնում ու հայտնաբերում գրառումները։ 

Մելիքյանը հարցնում է, թե ինչու նույն արտահայտության համար ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ հետապնդում չսկսվեց, երբ վերջինս խոսեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ինքնասպանության մասին։ Մասնավորապես, «Առավոտի» հարցին՝ «այլ ելք կա՞ր, երբ որ այսպես ասած` ատրճանակը պահած էր մարդու ճակատին, մարդը ո՞նց կարող էր ուրիշ որոշում կայացնել», Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Ես կվերցնեի այդ ատրճանակը, որովհետեւ էս արդեն ուրիշ խնդիր էր, բա որ եկել էր, չգիտե՞ր, որ ատրճանակ են դնելու գլխին, կարող էր ինքնասպան լինել՝ ավելի ճիշտ էր»:

Մեկ այլ դեպքով, երբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ՄԻՊ թեկնածուի առաջադրման հարցը, ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ի պատասխան ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի ելույթում հնչած արտահայտությունների, սպառնաց, որ կկտրեն բոլոր նրանց լեզուն ու ականջները, ովքեր 2018 թվականի իրադարձությունները կորակեն ադրբեջանա-թուրքական հեղափոխություն։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Հետքին» հայտնեց, որ դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, սակայն Կոմիտեն մերժել է անգամ վարույթ նախաձեռնելը։ Մերժման հիմնավորման մեջ Քննչական կոմիտեն մատնանշել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականը, ըստ որի՝ ատելության խոսքի հետ կապված իրավախախտումները չեն կարող օգտագործվել քաղաքական հայացքները կամ կրոնական համոզմունքները թիրախավորելու համար։

«Քաղաքացիները պետք է լինեն ազատ՝ առանց հետապնդման ենթարկվելու վախի արտահայտեն իրենց քաղաքական տեսակետները։ Խիստ կարևոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ ընդդիմությանը լռեցնելու համար»,- մերժման հիմնավորման մեջ հայտնել է Քննչական կոմիտեն։

Վարազդատ Հարությունյանը նկատում է, որ տվյալ հանձնարարականը կիրառելի է առավել խոցելի սեգմենտի՝ ընդդիմադիրների, հասարակական գործիչների համար, ոչ թե իշխանություն ունեցող սուբյեկտների համար։ Սակայն մեզանում իրականությունն այլ է․ «Այն պարագայում, երբ ընդդիմադիրները քաղաքական խոսք են ասում, չգիտես ինչու, քննիչներն այս հանձնարարականի մասին չեն հիշում»,- հեգնում է փաստաբանը։ 

Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կարևորում է նաև այն հանգամանքը, թե ինչքանով է իրական և իրագործելի հնչած կոչը, սպառնալիքը։ Փաստաբանը հիշատակում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ «Մահ դավաճաններին» արտահայտության համար։ Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ այս պարագայում, երբ Իշխանյանը իշխանական որևէ լծակ չունի, որևէ ռեսուրսի չի տիրապետում, վարույթն իրականացնող մարմինը սպառնալիքի իրականանալիությունը գնահատել է իրական, իսկ իշխանական պատգամավորի արտահայտած  սպառնալիքը գնահատել է անիրական։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև