Հայաստանի արտգործնախարարությունը, պայմանավորված տարածաշրջանային լարված իրավիճակով, նախատեսում է կրկնապատկել պարգևավճարները։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգից։
ԱԳՆ-ն առաջարկում է պարգևատրումների բյուջեն ավելացնել 230 միլիոն դրամով։ Այս գումարը ԱԳՆ-ն ուղղելու է պարգևատրումներին՝ դիվանագիտական ծառայությունում թափուր հաստիքների հաշվին առաջացող տնտեսումների հաշվին։ 2024-ի համար պարգևատրումների գծով նախատեսվել էր 142 միլիոն դրամ։
Որոշման հիմնավորումների մեջ ԱԳՆ-ն շեշտել է՝ Հայաստանի շուրջ առկա սպառնալիքներն ու մարտահրավերները ԱԳՆ-ից պահանջում են ուժերի գերլարում և սովորականից անհամեմատ ավելի եռանդուն ջանքեր գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում, բազմապատկվել են աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը։
«Առկա է շեշտակի տարբերություն ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և ՀՀ անվտանգային հարցերում պատասխանատվություն ունեցող կառույցների աշխատակիցների աշխատավարձերի միջև: Ավելին` աշխատանքի ծավալների և պատասխանատվության էական աճին զուգահեռ ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դիվանագետի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը»,- նշված է որոշման հիմնավորումներում։