ՀՀ-ի պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը նախկինում ՌԴ-ի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը, նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում կավարտի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը: Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայությունը՝ հաշվի առնելով, որ  դեռ 2022թ. հունվարին պետք է պատրաստ լիներ «Պաշտպանության մասին օրենք»-ի նոր նախագիծը՝ վարչապետն ասել է. «2022 թ.-ի հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022 թ.-ի ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ: Եվ մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք, թե ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ»:

Նա հավելել է՝ այդ խնդիրը նախկինում հեշտ է եղել, որովհետև այդ հարցը չի եղել և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չի եղել։ 

«Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել՝ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում, օրինակ, Հնդկաստանի հետ»,-նշել է նա:

Վարչապետը կարևորել է նաև պատասխանելը հարցերին, թե Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, ԱՄՆ-ի հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ է ունենալու, ունենալո՞ւ է, թե՞ չի ունենալու, Վրաստանի  հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ է ունենալու, ունենալո՞ւ է, թե՞ չի ունենալու, կամ Ռուսաստանի հետ  անվտանգային հարաբերությունները փոխվելո՞ւ են, թե՞ չեն փոխվելու, ինչպե՞ս են փոխվելու, Հայաստանը մնո՞ւմ է ՀԱՊԿ-ի անդամ, թե՞ չի մնում, Ֆրանսիայի հետ ի՞նչ հարաբերություններ է կառուցում։ 

«Այստեղ խնդիրը հետևյալն է, որ այդ հայեցակարգը որպես դեկլարացիա արդեն հռչակված է: Եվ մենք պետք է ձևակերպենք այնպիսի հայեցակարգ, որի իրագործման շուրջ առնվազն ունենք պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ, որ մենք  այս տարվա ընթացքում պետք է այդ հայեցակարգն ավարտենք։ Այստեղ կոնցեպտուալ մոտեցում կա, ինքը տեսակա՞ն փաստաթուղթ է, որը պետք է ընդունենք և դրա իրագործման ձևերը հասկանանք, թե՞ ինքն, այնուամենայնիվ, 50-50՝ և տեսական,  և գործնական է, որի տեսությունը կա և որի պրակտիկայի պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթերով, պայմանագրերով արդեն ամրացված են»,-ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է՝ կառավարությունն ասել է և գնում է դեպի  պրոֆեսիոնալ բանակ: Փաշինյանը «Պաշտպան հայրենյաց»  ծրագիրը համարեց հոյակապ բարեփոխում՝ բայց նաև կարևորելով, որ այդ հայեցակարգն ունենա քաղաքական կոնտեքստ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն