news.am: «Մայր Հայաստան» դաշինքը հետապնդվում է, քանի որ մեր քաղաքական ուժը խոչընդոտում է նրանց գործունեությանը, ինչը վերաբերում է թե՛ տեղական, թե՛ ազգային մակարդակի խնդիրներին։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։
Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են բարձրացնել Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը՝ լավ իմանալով, որ դրա դեմ հասարակական բողոքի ակցիաներ են լինելու, և պայքարի առաջնագծում լինելու է «Մայր Հայաստան» դաշինքը։
«Այս նպատակներին հասնելու համար նրանց քվորում է պետք, ինչի պատճառով էլ ստիպված եղան բացահայտել իրենց երրորդ կոալիցիոն ուժը, որն օգնեց քաղաքապետի ընտրության և ավտոկայանատեղիների թանկացման հարցում»,- հավելեց Թևանյանը։
Նա կարծում է, որ «Հանրային ձայն» կուսակցությունը իշխանությունների հետ «ստվերային» համագործակցությամբ է զբաղվում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների և «Հանրապետություն» կուսակցությունների ձայները բավարար չեն մեր անդամներին ավագանու լիազորություններից զրկելու համար, և նրանց առնվազն ևս մեկ ձայն է անհրաժեշտ 33 ձայն ստանալու համար։ Այսպիսով, ուզում են ճնշում գործադրել, որպեսզի մենք չխոչընդոտենք ուղեվարձի թանկացմանը։ Այն, ինչ կատարվում է մեր ուժի հետ կապված, քաղաքական և իրավական քաոս է, «Մայր Հայաստան» դաշինքին մանդատ տված քաղաքացիների իրավունքների խախտում»,- ասաց քաղաքական գործիչը։ Նա կրկնեց, որ Հայաստանում ամբողջական իշխանափոխության օրակարգը չի վերացել։
«Մենք չենք պատրաստվում վայր դնել մեր մանդատները և քաղաքապետարանը հանձնել իշխող ռեժիմին»,- եզրափակեց Թևանյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ է հրավիրելու՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու հարցով, ինչպես նաեւ «Մայր Հայաստան» դաշինք խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանի, Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի եւ Գեւորգ Ստեփանյանի։