amerikayidzayn.com: Օրերս «Վուդրո Վիլսոնի անվան հիմնադրամի Քենան հաստատությունը» Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները թեմայով հրավիրել էր հեռավար քննարկում վերլուծաբաներ Լորենս Բրոյերսի, Մարինա Նագայայի ու Աննա Ֆիլիփսի մասնակցությամբ:
Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսի խոսքով՝ միջազգային միջնորդական առաքելության վերջին 26 տարիների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առումով ապարդյուն անցան մի շարք պատճառներով, ներառյալ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների ինստիտուցիոնալ հակասությունը միջազգային ասպարեզում, միջազգային լիբերալ կարգի անկումը, որտեղ ենթադրվում էր, որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև նավթային եկամուտների շնորհիվ Երևանի հանդեպ Բաքվի առավելության, որը հնարավորություն տվեց Ադրբեջանին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:
«Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առանցքային հարցը դուրս հանվեց բանակցային սեղանից։ Դա հանգեցրել էր այն կարծիքի և հռետորաբանության, որ այժմ կարծես թե խաղաղ գործընթացը կարող է առաջ գնալ, և որ խաղաղությունն այժմ հնարավոր է»:Սակայն, նա լավատես չէ խաղաղ բանակցային գործընթացի հեռանկարի հարցում:
«Առանցքային խնդիրն այն է, ինչին ականատես եղանք 2020 թ-ից ի վեր և 1994 թվականից հետո Հայաստանի դեպքում. ռազմատենչությունն ու հաղթանակը դարձել են Ադրբեջանում ռեժիմի լեգիտիմության առանցքային հենասյունը: Հաղթանակած նախագահի շուրջ գերիշխող կերպար և հռետորաբանություն է ձևավորվում: Կարծում եմ, որ դա ստեղծում է խնդիրների հսկայական շարք՝ Հայաստանի հետ այլ տեսակի հարաբերություններ ձևավորելու համար»,- ասում է Բրոյերսը:
Վերլուծաբանը չի բացառում, որ ուղիղ երկկողմանի բանակցությունները կարող են առաջընթաց գրանցել ապագայում ու արձանագրել որոշակի առաջընթաց:
«Դրա համար, սակայն, անհրաժեշտ են երաշխիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հսկայական անհամաչափության պատճառով, և այստեղ աշխարհաքաղաքական շահերը կրկին մղվում են առաջին պլան»,- ընդգծոմ է նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։