factor.am: ՌԴ Քննչական կոմիտեն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը հայտնել է, որ գաղութում նրա մահվան հետաքննությունը երկարացվել է անորոշ ժամանակով, և հրաժարվել է նրան հանձնել որդու դին։ Այս մասին հայտնել են քաղաքական գործչի գործընկերները։ «Վաղ առավոտյան Ալեքսեյի մայրը և փաստաբանները գնացել են դիահերձարան։ Նրանց ներս չեն թողնում։
Փաստաբաններից մեկին բառացիորեն դուրս են հրել։ Հարցին՝ արդյո՞ք Ալեքսեյի դին այնտեղ է, աշխատակիցները չեն պատասխանում»,- Տելեգրամում գրել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
The Moscow Times-ը նշում է, որ Քննչական կոմիտեի հետաքննությունն իշխանություններին թույլ է տալիս օրինական կերպով 30 օր չտրամադրել Նավալնիի մարմինը հարազատներին։ Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնեց, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի գաղութներից մեկում։
Փետրվարի 17-ի առավոտյան Նավալնիի մայրը ժամանել է Խարպի թիվ 3 ուղղիչ գաղութ և ստացել ծանուցում նրա մահվան մասին։ Գաղութի ղեկավարությունը հայտնել է, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդի դիահերձարանում։ Երբ քաղաքական գործչի մայրը գնացել է այնտեղ, նրան ասել են, որ դիակը չկա։ Ավելի ուշ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է մարմինը հանձնել հարազատներին, քանի դեռ ստուգումները չեն ավարտվել։
«Նովայա գազետա Եվրոպա»-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդի շրջանի կլինիկական հիվանդանոցի դիահերձարանում։
Ըստ հրապարակման՝ քաղաքական գործչի մարմինը հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 16-ի երեկոյան։