aysor.am: Կառավարությունն ընդունեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
«Ենթատեքստը այն է, որ երբ ՀՀ-ում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, դա նշանակում է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե պետք է խոստովաննել, որ ՀՀ-ում խաղաղ հավաքներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքեր են եղել:
«Այո, պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում այդ ավանդույթից եկած ոստիկանությունը, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները, պետական ծառայողները չարդարացված ագրեսիվություն են ներկայացնում մարդկանց համար, և դա կոնկրետ պատճառ ունի՝ դա բավարար կրթության, իրազեկվածության, գրագիտության պակասն է, բայց, որպեսզի մենք այս պրոբլեմը լուծենք, պետք է առաջին հերթին խոստովանենք դա: Հիմա վերջին օրերին ԵՊՀ-ի դեպքը շատ քննարկվում է, պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որը իր հետ պետք է բերի հետևանքներ: Մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից այսօր կա չափազանցված ագրեսիվության պրոբլեմ և երբ շատ հետևողականորեն պայքարում ես դրանց դեմ, սկսում է համակարգում չափազանցված պասիվության պրոբլեմ», – ասաց նա:
«Մենք հարցերից չենք փախնելու, առերեսվելու ենք հարցերին: Ոչ մի խնդրից չենք փախնելու և այս երևույթների դեմ և հանուն մարդու իարվունքների պայքարում ոչ մի ավելի շահագրգիռ մարմին, կազմակերպություն չի լինելու, քան կառավարությունը, ես բացառում եմ այդպիսի բան: Զինված ուժերի դեպքերի առնչության հարցում Պաշտպանության նախարարից ավելի շահագրգիռ մարդ ՀՀ-ում չի լինելու, դա է նախարարի կոչումը և առաքելությունը: Որ ոստիկանը լինի գրագետ, զերծ մնա անհամաչափ ուժի կիրառումից, դրանից ավելի շահագրիռ մարդ, քան ՀՀ ոստիկանության պետը, չի լինելու», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ից բերման էին ենթարկել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին: Դավիթ Ափոյանին բերման էին ենթարկել դեկտեմբերի 20-ին Երևանում հնչած կրակոցների պատճառով։
Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել կրակոցներ: Ափոյանն իր հետ կատարված միջադեպը որակել էր ծիծաղելի: