Ինչն է խանգարում աշխատել շուրջօրյա. ավտոներկրողները բողոքում են՝ Գյումրու մաքսատունը չի հասցնում սպասարկել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու ավտոմաքսատանն է, ծանոթանում է ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու կառուցման ընթացքին։

Ավելի վաղ մի խումբ ավտոներկրողներ, շրջապատելով վարչապետին, իրենց դժգոհությունն ու բողոքն էին հայտնել մաքսատան աշխատանքներից:

Վարչապետը սպասարկման կենտրոնի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են դժգոհում մարդիկ, օրինակ՝ բողոքում են, որ տարածքում կան մեքենաներ, որոնք փաստաթղթային խնդիր չունեն, բայց տարածքից չեն գնում:

«Ես հանձնարարել էի ոստիկանությանը, որ այն մեքենաները, որոնք սպասարկման կարիք չունեն, մաքսատան տարածք մուտք չգործեն»,- ասաց վարչապետը:

Նրան պատասխանեցին, որ այդ մեքենաները փողոցում են, ոչ թե՝ մաքսատան տարածքում: Նիկոլ Փաշինյանը կրկին հարցրեց. «Եթե մաքսազերծելու ենթակա մեքենա չունեն, ինչո՞ւ են եկել, կանգնել այդտեղ: Ոստիկանության պետի հետ ճշտեք ոնց է կազմակերպվելու»:

Այնուհետ հետաքրքրվեց «հերթ նայողների», «հերթ փախցնողների» մասին՝ հանձնարարելով դժգոհություններին արձագանքել:

Նիկոլ Փաշինյանը շրջեց սպասարկման կենտրոնի տարածքում, տեղեկացավ սպասարկման կարգին: Վարչապետը բավական վրդովվեց, որովհետեւ մաքսատանը ահռելի հերթ կար, իսկ քաղաքացիները դժգոհում էին, որ չեն հասցնի մինչեւ հունվարի 1-ը մեքենաները մաքսազերծել:

Աշխատակիցները նշեցին, որ մինչեւ 23:00-ն նորմալ կազմակերպում են աշխատանքը: Ի պատասխան՝ վարչապետը հանձնարարեց աշխատել շուրջօրյա, հորդորեց լրացուցիչ աշխատակիցներ վերցնել եւ գոնե տոնական օրերին սպասարկել ավտոներկրողներին շուրջօրյա:

Մի շարք քաղաքացիներ էլ բողոքեցին, որ գյումրեցիների կողմից ծեծի են ենթարկվել, հերթ պահելը ոչ միշտ է հաջողվում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն