Թրամփն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրավիճակը |news.am|

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի իրավիճակը, ինչպես նաեւ Իրանում բողոքի ցույցերը: Այս մասին երկու առաջնորդների հեռախոսային զրույցի արդյունքներով հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կողմերը քննարկել են Սիրիայում եւ Լիբիայում անվտանգության հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ Իրանի կողմից ուկրաինական Boeing 737 օդանավը խոցելու հարցը»,- նշել են մամուլի ծառայությունից:

Լիբիայում հունվարի 12-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների առաջարկած նախաձեռնության շրջանակում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը Տրիպոլիում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) եւ Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) ուժերի միջեւ, որի հրամանատարը ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարն է: Հունվարի 13-ին կողմերի ներկայացուցիչները Մոսկվա էին ժամանել բանակցությունների, որի արդյունքներով ԱՀԿ ներկայացուցիչները հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրել էին:

Հաֆթարը դադար էր վերցրել համաձայնագիրն ուսումնասիրելու համար, սակայն ավելի ուշ, ինչպես փոխանցել են արաբական լրատվամիջոցները, Մոսկվայից հեռացել էր առանց համաձայնագիրը ստորագրելու: Տրիպոլիի հարավում հունվարի 14-ի գիշերը զինված բախումները վերականգնվել էին. վճռական հարձակում սկսելու մասին Հաֆթարը հայտարարել էր դեռեւս դեկտեմբերին: ԼԱԲ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր «հաղթանակի հասնելու պատրաստակամության եւ վճռականության մասին»:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հունվարի 10-ին հայտնել էր, որ Անկարան եւ Մոսկվան պայմանավորվել են հունվարի 12-ից հրադադարի ռեժիմ հաստատել Սիրիայի հյուսիսում Իդլիբի ապաէսկալացիայի գոտում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն