Բագրատ սրբազանը ԱԳՆ դիմաց ակցիայի մասնակիցներին հորդորեց շրջափակել ԱԳՆ շենքի ոոլոր մուտքերը։
Նա նշեց՝ եթե շենքից չիջնեն իրենց հետ հանդիպման, իրենք կբարձրանան վերև։
Ոստիկանությունից հայտարարում են, որ ԱԳ նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, հետևապես, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում։
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից», – նշել են ոստիկանությունից։
Քիչ անց իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև։ Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել մասնակիցների։
Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ եղածի ամբողջ պատասխանատվությունը մնում է երկու մարդու ուսերին՝ Վահե Ղազարյան և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վրա։ Նա նշեց՝ թեև չբարձրացան վերև՝ ԱԳՆ շենք, սակայն իրենց ասելիքը հասցրել են տեղ, սա ընդամենը նախերգանքն էր։
«Ազատությանը» ոստիկանությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ ԱԳՆ շենքի առջևից ակցիայի 16 մասնակից է բերման ենթարկվել։
Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հայտնել էր՝ իրենց պահանջն է, որ Արարատ Միրզոյանը իջնի և պատասխան տա վերջին օրերին թուրք-ադրբեջանական կողմից արված հայտարարություններին․ «Եթե դուք չեք իջնելու, հրապարակային չեք խոսելու, ուրեմն այն բոլոր ասվածները, որ դուք դավաճան եք, գործակալ եք, ձեր վրա եք վերցնելու, և, հետևաբար, ծառայում եք ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ թուրքական ու ադրբեջանական իշխանություններին»։