azatutyun.am: Պաշտոնական Երևանը երկրորդ օրն է չի արձագանքում Մոսկվայից հնչած հերթական մեղադրանքներին, նաև զգուշացումներին, որ եթե Հայաստանը անվտանգությանը վերաբերող զգայուն տեղեկատվությունը հասանելի դարձնի արևմտյան պետություններին, դա կարող է անդառնալի հարված հասցնել Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Մինչ արտաքին քաղաքական գերատեսչությունը, նաև իշխանական պատգամավորները լուռ են, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է փորձում բացատրել, թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, որին Երևանը տիրապետում է, իսկ Մոսկվան էլ վտանգ տեսնում, թե այն կփոխանցվի արևմտյան երկրներին:
«Տեղեկություններ, որոնք ռազմական բառի բուն իմաստով գուցե գաղտնիք կատեգորիայի տակ չդիտարկենք, բայց ռազմական նուրբ տեղեկություններ, որոնք հասանելի կլինեն այլ երկրի, եթե խոսենք միասնական ինչ-որ տարածության մասին, հայ-ուսական կամ ՀԱՊԿ միասնական տարածության մասին: Այսինքն՝ դրա մասին է խոսքը, ըստ իս, տվյալներ, որոնք եթե հասանելի են լինելու Արևմուտքին, բնականաբար, Ռուսաստանը չի ցանկանա դրանք ունենալ Հայաստանի հետ ընդհանուր դաշտում», – նշեց Բադալյանը:
Թե ի՞նչ տեղեկություններ նկատի ունի Մոսկվան, երեկվա հարցազրույցում չէր մանրամասնել նաև Ռուսաստանի փոխարտգործնախարարը:
Միխայիլ Գալուզինը միայն զգուշացրել էր. – «Հայաստանի չմտածված քայլերը, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»:
Քաղաքական մեկնաբանն ամեն դեպքում կարծում է՝ ռուսական կողմի այս հայտարարությունն, ըստ էության, տեղավորվում է Հայաստան-ՀԱՊԿ, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստան-Ռուսաստան արդեն տևական ժամանակ շարունակվող հռետորաբանության մեջ: Ըստ փորձագետի՝ Երևանն ու Մոսկվան դաշնակցային պարտավորություններից խուսանավելու պատասխանատվությունը դնում են միմյանց վրա: Այս իրավիճակն, ըստ Հակոբ Բադալյանի, դեռ երկար կպահպանվի: Երևանը բացի ՀԱՊԿ-ից դժգոհությունը, վերջերս նաև լուրջ մեղադրանքներ հնչեցրեց:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։