«Իմ առաջադրման մասին դեռ խոսք չկա, սա իմպիչմենտի գործընթացի առաջին քայլն է». Բագրատ սրբազան |aravot.am|

aravot.am: «Գործընթացը հետեւյալն է՝ նախ պետք է անվստահությունը հայտնելու մասին ԱԺ նիստը տեղի ունենա, հաջորդ քայլերը կլինեն ըստ այդմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նշենք, որ ընդդիմության նախաձեռնությամբ գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգում լինելու է կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցը։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել էր, որ ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվելու շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Բայց Բագրատ սրբազանը նշեց, որ առաջադրման մասին դեռ խոսք չկա․ «Սա պաշտոնազրկման գործընթաց է, անվստահություն հայտնելու մասին է։ Սա իմպիչմենտի գործընթացի առաջին քայլն է։ Օրինական լուծումների ու քայլերի մասին հարցրեք պատգամավորներին, բայց իմ առաջադրման մասին այս պահին խոսք չկա»,- ասաց նա։

Հարցին, որ իր քաղաքացիության հարցն է առաջ գալիս, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Դարձյալ եկաք նույն թակարդն ու դաշտը, ես ասել եմ ու կրկնում եմ՝ ամեն ինչ հիմնված է ոչ թե օրենքի գերակայության, այլ իրավունքի գերակայության վրա։ Եվ երկրորդ, դա էլ ինձ համար խնդիր չէ, կարեւորն արդյունքի հասնելն է։ Մենք ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի։ Իսկ արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը։ Կամ հեռանալը, կամ հեռացումը, ուրիշ ճանապարհ չկա։ Իսկ ոստիկանական շարքերը խելոք են, իրենց գործառույթը կկատարեն»։

Նա ասաց, որ ժամը 15։30-ին քաղաքացիներին հրավիրում է Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter